11 փետրվարի 2020 - 16:29 AMT
Սկորսեզեն պատմել է իրեն ոգեշնչած Հայկ Մանուկյանի մասին

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատմել է, թե մասնագիտություն ընտրելու հարցում որքան ազդեցիկ է եղել իր պատանեկան հանդիպումն ամերիկահայ պրոֆեսոր Հայկ Մանուկյանի հետ:

Rolex-ի հատուկ նախագծում Սկորսեզեն հիշել է մասնագիտական կողմնորոշման օրը Նյու Յորքի համալսարանում, որտեղ ոգեշնչվել է Մանուկյանի դասախոսությունից, գրում է Rusarminfo-ն:

«Մանուկյանը մոտ մեկ ժամ այնքան կրքոտ ու էներգիայով էր խոսում կինոյի և այն մասին, թե ինչպես կարելի է ինքնադրսևորվել վիզուալ պատկերների օգնությամբ և պատմություններ պատմել պատկերների միջոցով։ Նա նաև պատմում էր կինոյի պատմության և զարգացման մասին: Երբեք չէի լսել, որ որևէ մեկն այդքան կրքոտ խոսեր: Եվ ես ինքս ինձ ասացի. «Ահա այն տեղը, ուր ուզում եմ գնալ: Ես ուզում եմ նրա մոտ սովորել: Նրա անունը Հայկ Մանուկյան էր»,- պատմել է Սկորսեզեն:

Հայտնի ռեժիսորը հավելել է, որ Մանուկյանը ոգեշնչել է իրեն կինոյի մասին նոր գիտելիքներ ստանալ և մշտապես առաջ է մղել պրոֆեսիոնալ զարգացման առումով:

Մարտին Սկորսեզեն ծնվել և մեծացել է ԱՄՆ-ի Նյու Յորքում։ Նրա հոր նախնիները գաղթել էին Իտալիայից, Սիցիլիայի Պալերմո քաղաքից։ Սկորսեզեն ընդհանուր 50-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է, 13 ֆիլմի սցենարի հեղինակ, 40 ֆիլմի պրոդյուսեր։ Որպես դերասան հանդես է եկել 13 ֆիլմում։ Նա 90 կինոմրցանակ է ստացել և ներկայացված է եղել ևս 72 մրցանակի, այդ թվում` Օսկարի, Ոսկե Գլոբուսի, Ոսկե Արմավենու ճյուղի, Գրեմմիի, Վենետիկի կինոփառատոնի մրցանակի, Ոսկե Արջի, GILDA, BAFTA և այլ մրցանակների։