11 փետրվարի 2020 - 17:45 AMT
ԱԳՆ. ՄԻԵԴ-ն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու համար

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճռին՝ հայտարարելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու գործում:

Նշվում է, որ այս վճիռը հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտ խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն փաստում է, որ Ադրբեջանի իշխանության վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է:

«Մանվել Սարիբեկյանը 2010-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010-ի նոյեմբերի 4-ին, Սարիբեկյանի դիակը հանձնվել է հայկական կողմին:

Ըստ ադրբեջանական վարկածի՝ հայ հովիվն ինքնասպանություն էր գործել Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումում:

Ադրբեջանական կողմն ակնհայտ սուտ մեղադրանքներով քրեական գործ էր հարուցել Սարիբեկյանի հանդեպ և կտտանքների ներքո պարտադրել հանդես գալ ադրբեջանական հեռուստատեսությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ եվրոպական դատարանի վճիռը հաստատում է, որ ՄԻԵԴ-ի համար կասկածից վեր է, որ «Սարիբեկյանը ենթարկվել է չափազանց լուրջ և դաժան տառապանքների, որոնք նրան հասցվել են միտումնավոր՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության ներքո գտնվող կալանավորված անձի նկատմամբ»:

«Վճիռն աննախադեպ է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքից զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել մասնավորապես Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով:

ՀՀ-ն շարունակական ջանքեր կգործադրի ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգության ապահովման և արդարության վերականգնման ուղղությամբ», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը պետք է հայցվորներին €60,000 վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ու ևս €2200՝ դատական ծախսերի համար:

Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր և գերեվարվելու պահին ՀՀ Զինված ուժերում չէր ծառայում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել, թե նա դիվերսանտ է: Ադրբեջանական կողմը 1 ամիս շարունակ հրաժարվում էր հետ տալ Սարիբեկյանի մարմինը, բայց ի վերջո հանձնեց այն՝ խոշտանգման հետքերով: