Արցախի նախագահական ընտրություններից առաջ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ սատարում է թեկնածու Մասիս Մայիլյանին:
«Միասնական հայրենիք» կուսակցությունը մյուս քաղաքական ուժերին ևս կոչ է արել համախմբվել վերջինիս շուրջ:
Մասիս Մայիլյանն Արցախի գործող արտգործնախարարն է: Նա արդեն առաջադրել է իր թեկանծությունը:
Արցախի նախագահի պաշտոնի համար մրցելու են նաև Արցախի հերոս, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը («Արդարություն» կուսակցության կողմից) և պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը («Անկախության սերունդ» կուսակցություն):
Ըստ հայտարարության՝ Մայիլյան «ևս գիտակցում է պահի լրջությունն ու ճակատագրականությունը, մտահոգված է միասնական հայրենիքի ճակատագրով»:
Նշվում է, որ նա ընդունում է կուսակցության ներկայացրած նախընտրական ծրագիրը և պատրաստ է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացնել այն: Խոսքը 3 հիմնախնդրի մասին է՝ մարտունակ բանակի ստեղծում, տնտեսական լճացման հաղթահարում, սոցիալական խնդիրների լուծում:
«Միասնական հայրենիք» կուսակցության և Մասիս Մայիլյանի քաղաքական գործակցության վերաբերյալ հուշագիր է նախապատրաստվում:
Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2020-ի մարտի 31-ին: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: