Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած ԱԺ պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին: Այդ մասին ասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցելու դեպքում «Ոչ» կողմը կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացուց բաղկացած խումբը:
Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) ԿԸՀ կարող է ներկայացվել փետրվարի 18-ից: Այն կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:
Գրությանը կից ներկայացվում է «Որ» քարոզչության կողմ ձևավորելու և լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին որոշումը՝ ստորագրված քաղաքացիների կողմից, և որոշումը ստորագրած «Ոչ» քարոզչության կողմի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Մեկից ավելի գրություններ (դիմումներ) ստանալու դեպքում դրանք քննարկվելու են՝ ըստ ԿԸՀ ներկայացվելու հերթականության:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին: Դրա նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, «Այո»-ի շտաբը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։