14 փետրվարի 2020 - 17:55 AMT
Telegram-ը ծանոթության հնարավորություն է տալիս օգտատերերին

Telegram-ն իր օգտատերերին ծանոթությունների ծառայության այլընտրանք է առաջարկել՝ այժմ մեսենջերում հնարավոր կլինի հրապարակային պրոֆիլ բացել և հանդիպում կազմակերպել մոտակայքում: Պրոֆիլի էջերը վերամշակվել են՝ «Կողքի մարդիկ» գործառույթը թարմացվել է:

Այժմ շատ ավելի դյուրին է դարձել լուսանկարներ, տեսանյութեր ու հղումներ դիտելը, գրում է «Վեդոմոստին»:

2019-ի հունիսից գործող «Կողքի մարդիկ» գործառույթի շնորհիվ հնարավոր էր կիսվել կոնտակտային տվյալներով մոտակա օգտատերերի հետ, ինչպես նաև միանալ տեղի խմբակային չաթերին: «Կողքի մարդիկ» 2.0 թարմացումը հնարավորություն է տալիս ցույց տալու պրոֆիլը շրջապատին:

«Նրանք կկարողանան գտնել ձեզ և հաղորդագրություն ուղարկել, նույնիսկ եթե դուք հեռանաք էջից կամ փակեք հավելվածը»,- ասել են թարմացման հեղինակները: «Ինձ ցույց չտալ» օպցիան ընտրելու դեպքում սարքը չի երևա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Facebook-ը հետաձգել է ծանոթությունների ծառայության գործարկումը: Ընկերությունը պետք է Իռլանդիայի իշխանություններին (այդ երկրում է գտնվում սոցցանցի եվրոպական կենտրոնակայանը) տեղեկատվություն տրամադրեր, թե ինչպես է իրականացվելու անձնական տվյալների պաշտպանությունը, սակայն չի արել դա: