14 փետրվարի 2020 - 17:44 AMT
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում

Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Քննարկումը տևելու է մոտ 45 րոպե:

Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին, իսկ վարելու է քննարկումն Ամերիկա-Ռուսաստան հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը:

Փաշինյանը Գերմանիայում է՝ կմասնակցելու Մյունխենի Անվտանգության համաժողովին: Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում նա պատասխանել է ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ԼՂ հակամարտությանը: Անդրադառնալով իր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» արտահայտությանը՝ ՀՀ վարչաետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը Երևանը կընկալի որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Նա ասել է նաև, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։