2020-ին Մատենադարանի արցախյան մասնաճյուղում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոում կանկացվի մանրանկարչության ամառային դպրոց, ասել է կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Արցախպրեսը»։
2019-ին Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, ընդունել է մոտ 19,200 տեղացի և օտարերկրյա այցելուի. այն, նախորդ տարվա համեմատ, աճել է 3000-ով:
Մատենադարան-Գանձասարի գրադարանում այժմ 3000 միավորանոց հայագիտական արժեքավոր գրականություն կա։
Թորոսյանը հավելել է, որ 2020-ը խոստանում է լինել էլ ավելի հագեցած՝ լրանում է մասնաճյուղի հիմնադրման 5-ամյակը։
«Մասնաճյուղի ցուցադրությունն ավելի դիտարժան է լինելու՝ նախատեսվում է քարտեզների ցուցադրություն միջնադարյան բժշկության թեմայով, ինչպես նաև թեմատիկ ցուցադրություններ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի կարգադրությամբ շուտով մասնաճյուղում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին։ Մասնաճյուղի թանգարանային համալիրն այս տարի, կարծում եմ, կհամալրվի նաև նոր ձեռագրերով»,- ասել է տնօրենը:
Խոսելով 2019-ի գործունեության մասին՝ Թորոսյանն ասել է, որ 2019-ին մասնաճյուղում առաջին հայագիտական միջազգային գիտաժողովն է եղել՝ «Հայոց Արևելից կողմանք․ պատմություն և մշակույթ» խորագրով։
2019-ին մասնաճյուղում բացվել է ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին։
2019-ի վերջում մասնաճյուղում բացվել է գրադարան-ընթերցասրահ, այդպիսով մայր կառույցի՝ Մաշտոցյան Մատենադարանի թվային ամբողջ ֆոնդը հասանելի դարձնելով նաև Արցախում։ Մասամբ համալրվել է մասնաճյուղի գրադարանը: