17 փետրվարի 2020 - 16:51 AMT
Գագարինին սպասարկած մեքենա Պետգույքի կառավարման կոմիտեն երբևէ չի օտարել

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին սպասարկած տրանսպորտային միջոցի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, դրա օտարման գործընթաց երբևէ չի արվել, PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են կոմիտեից:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ Յուրի Գագարինին տեղափոխած մեքենան, որը նախկինում պահվել է Հայաստանում, Մոսկվայում աճուրդի է հանվելու:

Խոսքը ԶԻԼ-111В մեքենայի մասին է, որով Գագարինը ժամանել էր Կրեմլ՝ առաջին անգամ Տիեզերք թռչելուց հետո: Ըստ ռուսական աղբյուրի՝ Գագարինին մեկ անգամ սպասարկած մեքենան Հայաստանում պահվել է հատուկ նշանակության ավտոտնակում, որտեղ բերվել է իրանցի շահի հետ հանդիպման համար:

Այն պետք է աճուրդի է հանվեր փետրվարի 15-ին, սակայն վաճառել չի հաջողվել, հայտնել է «Լիտֆոնդ» աճուրդի տունը: