18 փետրվարի 2020 - 15:35 AMT
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է

Մարտի 1-ի գորող մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է:

Փետրվարի 18-ի նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարել է, որ դրանից անմիջապես առաջ գրություն են ստացել, որ թարգմանիչը չի ներկայանալու նիստին, գրում է Panorama.am-ը:

Դատավորի որոշումը դժգոհություն է առաջացրել դատարանի դահլիճում, նա թույլ չի տվել ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանին ներկայացնել դիմումը՝ հիմնավորելով, որ թարգմանիչը ներկա չէ:

«Թեև նախորդ օրվա տեղեկությունների համաձայն՝ թարգմանիչ Ծովինար Թորոսյանը պետք է մասնակցեր այսօրվա դատական նիստին։ Հաշվի առնելով, որ թարգմանչի չներկայանալու վերաբերյալ տեղեկությունը ստացվել է դատական նիստից կարճ ժամանակ առաջ՝ դատարանը հնարավորություն չի ունեցել ապահովելու այլ թարգմանչի մասնակցություն, և թարգմանչի բացակայությամբ հնարավոր չի գտնում շարունակել այս դատական նիստը»,- հայտարարել է նախագահող դատավորը։

Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 13:00-ին։

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նախկին 7 պաշտոնյա: Քոչարյանին, մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել, որ մինչև 2008-ի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, նա այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը: