22 փետրվարի 2020 - 14:53 AMT
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստանում. Կասկած կա, որ նրանց մոտ կորոնավիրուս է

Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացին երկու երեխայի հետ հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածանքով, հայտնել է հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է Sputnik-ը:

Իրանի քաղաքացուն և նրա երկու երեխային հիվանդանոց են տեղափոխել Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, երբ երեխաներից մեկի մոտ բարձր ջերմություն են գրանցել: 8 և 13 տարեկան երեխաների վիճակը միջին ծանրության է, նրանք հսկողության տակ են: Երեխաները բուժվում են վիրուսի ախտանշաններից, մայրը վարակված չէ, բայց նա ևս հսկողության տակ է:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք: Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: