24 փետրվարի 2020 - 12:10 AMT
Իրան-ՀՀ ցամաքային հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվելու է. Օդայինը կսահմանափակվի

Հայաստանը 2 շաբաթով դադարեցնելու է ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառելու է ոչ ամբողջական սահմանափակումներ: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փետրվարի 23-ի երեկոյան Փաշինյանը հայտարարել էր ՀՀ և ԻԻՀ սահմանը փակելու մասին: Նշվում էր, որ կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը մեր երկիր։

Ըստ վարչապետի՝ Իրանի հետ բեռնափոխադրումներն իրականացվելու են առանց սահմանափակումների, սակայն վարորդների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու:

Փաշինյանի խոսքով՝ որևէ սահմանափակում չի կիրառվի ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: Նախատեսվում է նաև 2 շաբաթվա ընթացքում Իրանի հետ սերտ հաղորդակցության մեջ լինել:

Որոշումն ընդունելու համար կառավարության հեռակա նիստ կգումարվի․ սահմանափակումներն ուշի մեջ կմտնեն ընդունման պահից։

Իրանում կորոնավիրուսից արդեն 12 մարդ է մահացել, 47 մարդու մոտ վիրուսը հաստատվել է: