24 փետրվարի 2020 - 15:45 AMT
Ջալալ Հարությունյանը՝ Արցախի պաշտպանության նախարար

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահ Բակո Սահակյանն ավելի վաղ համապատասխան հրամանագիր էր ստորագրել:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Ջալալ Հարությունյանն Արցախի ՊԲ գեներալ-մայոր է, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան: 2016-ի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: 2019-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։