Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի բռնկումը դեռևս պանդեմիա չէ, սակայն պանդեմիայի վերածվելու «պոտենցիալ ունի»: Նա կոչ է արել «անել հնարավորը` պոտենցիալ պանդեմիային պատրաստվելու համար», գրում է «Կոմերսանտը»:
Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է:
«Պանդեմիա» եզրույթի կիրառումը չի համապատասխանում փաստերին»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ աշխարհը պետք է աշխատի զսպել կորոնավիրուսի տարածումը:
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը փետրվարի 25-ի դրությամբ գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին:
2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում: