26 փետրվարի 2020 - 17:37 AMT
Ավստրալիայի հայերը, ասորիները և հույները կոչ են անում ճանաչել ցեղասպանությունը

Ավստրալիայի հայկական, ասորական և հունական համայնքները ստորագրել են համատեղ հուշագիր, հայտնում է այդ երկրում Հայ դատի հանձնախումբը:

Երեք համայնքի ներկայացուցիչների ստորագրած հուշագիրը կոչ է անում Ավստրալիային ճանաչել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայ, հույն և ասորի քաղաքացիների ցեղասպանությունը:

Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել ավստրալացի մոտ 100 խորհրդարանական, դիվանագետ ու քաղաքական գործիչ:

Փաստաթղթում ասվում է, որ համայնքները համատեղ կպայքարեն, որպեսզի Թուրքիան Գալիպոլիում ԱՆԶԱԿ-ի զոհերի գերեզմանները չօգտագործի որպես հաղթաթուղթ և Ավստրալիայի կառավարությանը հանցակից չդարձնի թուրքական պետության ժխտողական քարոզարշավում:

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին, XX դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրա ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթի բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: