27 փետրվարի 2020 - 14:40 AMT
Փաշինյան. ՀՀ-ում աղքատության մակարդակը պատմականորեն ամենացածրն է

2019-ի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ին Կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը՝ հասցնելով այն 23.5%-ի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1%: Փաստացի Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ կա խնդիր, քանի որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը ներդրվել է 2009-ին:

Նա հիշեցրել է՝ իր գլխավորած Կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը:

«2019-ի ցուցանիշը մեզ վստահություն է տալիս, որ դա իսկապես իրագործելի խնդիր է»,- ընդգծել է վարչապետը:

Փաշինյանը նշել է նաև, որ 2019-ին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8%-ով, ավելացել է նվազագույն աշխատավարձը: Նա արձանագրել է, որ 2018-ի մայիսից ավելի քան 1 մլն մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացվել: