29 փետրվարի 2020 - 13:45 AMT
Ջալալ Հարությունյանը ցուցումներ է տվել ՊԲ սպայակազմին

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը խորհրդակցության ժամանակ սպայակազմին ցուցումներ ու հանձնարարականներ է տվել։

Փետրվարի 29-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները։

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ:

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել՝ ազատվելով Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Ջալալ Հարությունյանն Արցախի ՊԲ գեներալ-մայոր է, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան: 2016-ի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: 2019-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։