Իրանից ժամանող քաղաքացիների հանդեպ կարանտին չի կիրառվել, քանի որ ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` Հայաստանում կորոնավիրուսին վերաբերյալ ասուլիսի ժամանակ։
«Որևէ կերպ այն խորհուրդ չի տրվում որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից», - նշել է նա։
Նա նշել է, որ ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմը դիմակ են կրել, բոլորը դուրս են եկել առանձին ելքով ու որևէ պրակտիկ շփում այլոց հետ չեն ունեցել։ Ընդամենը մեկուսացվել է 32 անձ։
Մեկուսացվածները Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են (այն պատկանել է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին, ով քրգործի հարուցումից հետո հանձնել է օբյեկտը պետությանը․ շենքն այս պահին որպես հյուրանոց չի շահագործվում ու այցելուներ չի ընդունում):
Թորոսյանը նշել է, որ այս պահին որևէ հանրային առողջապահական վտանգ չկա, անգամ վտանգ չկա հենց պացիենտի համար, որը պարզապես հիվանդանոցում է։
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 1-ին դեպքն է գրանցվել՝ ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։ Նա ինքն էր դիմել բժշկի. հիվանդանոց դիմելու պահին 38 աստիճան ջերմություն էր ունեցել։