Ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության հարցը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում է, հայտարարել է նախարար Արայիկ Հարությունյանը:
«Որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ», - նշել է նախարարը:
Նա հավելել է, որ գերատեսչության որոշումները բխելու են բացառապես երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, «ինչից ավել կարևոր բան չկա»:
«Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»,- նշել է Հարությունյանը:
Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ դպրոցական 2 երեխա ունի ու պատրաստ է նրանց դպրոց ուղարկել:
«...որովհետև հանրային առողջապահական վտանգը բարձր չեմ համարում։ Դպրոցականները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ, նրանց շրջանում դեպքերը հազվադեպ են»,- նշել է Թորոսյանը:
Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքն է գրանցվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։
Նա ինքն էր դիմել բժշկի, վիճակը, ըստ վարչապետի, լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, ա ջրիվելի ուշ ջերմությունն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։