Հայաստանը Հնդկաստանից $40 մլն-ի ռադիոտեղորոշիչ 4 Swathi համակարգ է ձեռք բերել, փոխանցում է հնդկական Timesnow.com-ը:
Նշվում է, որ հայկական կողմը հնդկական արտադրության ռադարների գնման որոշումը կայացրել է Ռուսաստանում և Լեհաստանում արտադրված համակարգերի փորձարկումից հետո:
Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանն արդեն սկսել է մատակարարել ռադարները ՀՀ-ին՝ խթանելով պաշտպանական ոլորտում «Պատրաստված է Հնդկաստանում» (Made in India) կառավարական ծրագիրը։
Ռադարների արտադրողը Bharat Electronics Limited ընկերությունն է, իսկ համակարգը մշակել է հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման պետական կազմակերպությունը (DRDO):
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ին չի մեկնաբանել ռադարների ձեռքբերման մասին լուրը՝ նշելով, որ ընդհանրապես ռազմատեխնիկական գործակցության ոլորտից ոչ մի լուր ՊՆ-ն չի մեկնաբանում:
Ըստ 2020 թվականի բյուջեի նախագծի՝ երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ։ 2017-ին այն կազմել է 210 մլրդ դրամ, 2018-ին՝ մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ 301 մլրդ դրամ։