Լոնդոնցի լրագրող Իսմայիլ Էյնաշեն Եթովպիա է այցելել՝ կորսված հայկական համայնքի մասին ակնարկ պատրաստելու, որը տեղադրվել է BBC-ում:
Հայաստանը և Եթովպիան դարերով պահպանել են կապը հինարևելյան ուղղափառ եկեղեցու հետ, սակայն երկու երկրի կապն ամրացրել են նաև դիվանագետները և առևտրականները:
XIX դարում հայերը կարևոր դեր են ունեցել կայսր Մենելիկ II արքունիքում, հաջորդ դարերում Եթովպիայի աճող հայ համանքը ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական և մշակութային զարգացման վրա:
Եթովպիայում վերջին հայերի փնտրտուքը լրագրողը սկսել է Պիասսեից՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայի առևտրի կենտրոններից մեկից:
Նա այցելել է նաև 1930-ականներին կառուցված հայկական Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ հայտնել են, որ առաքելաական եկեղեցում այցելուներ գրեթե չեն լինում, մինչդեռ նախկինում այն հայ համայնքի կենտրոնն էր:
Եթովպիայի հայ համայնքը 1960-ականներին ընդգրկել է մոտ 1200 մարդու. սա համայնքի ծաղկուն շրջանն է եղել: Չնայած ոչ բազմամարդությանը, այն առանցքային դեր է խաղացել երկրի առաջընթացի գործում:
Հեղինակը գրում է, որ հայերը մասնակցել են նաև հասարակական կյանքի տարբեր ոլորտներին՝ եթովպական ջազից, բժշկությունից մինչև կայսերական արքունիքում ծառայություն:
Հայկական համայնքը կապված է եղել կայսերական պալատի հետ և Հայլե Սելասսիե I կայսեր անկումից հետո սկսել է կազմալուծվել. իշխանության եկած մարքսիստներն առգրավվել են բիզնեսմենների, այդ թվում՝ հայերի ունեցվածքը: Այսպես համայնքը նվազել է, հայերը փախչել են Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա:
Հայ համայնքի անդամներից որոշներն ամուսնացել են եթովպացիների հետ՝ ստեղծելով հայ-եթովպական յուրահատուկ միություն: Այդ ընտանիքներին դեռ կարելի է տեսնել երկրի հայկական եկեղեցիներում տոների ժամանակ:
Լրագրողի խոսքով՝ մայրաքաղաք Ադիս Աբեբայում մնացել է նաև հայկական ակումբ, որի տարածքում ռեստորան կա. այն հիշեցնում է հայերին հարազատ տան համերի մասին:
Եթովպիան Աֆրիկայի արևելքում է, մայրցամաքի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից է: