Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական բարեփոխումների օրակարգը` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ աշխատաժողովի ընթացքում: Այն անցել է «Արդարադատության արդյունավետության բարձրացումը դատական և իրավական բարեփոխումների համատեքստում» խորագրի ներքո:
Միջոցառումը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:
Բադասյանն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթությունն է անկախ, անաչառ և արդյունավետ գործող դատական իշխանության ձևավորումը, որի համար գործադիրն իր լիազորությունների շրջանակում, կանի առավելագույնը:
Աշխատաժողովում ներկայացվել են էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությունները. ընդգծվել է, որ գործընթացի վերջնարդյունքում միավորվելու են արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և էլեկտրոնային շտեմարանները: Արդիականացվելու են դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, ներդրվելու են դատավորների հավակնորդների հոգեբանական թեստավորման և փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգեր, ինչպես նաև կատարելագործվելու է դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը:
Անդրադարձ է եղել դատավորների, դատավորների օգնականների թվի և վարձատրության ավելացման հնարավորություններին, կարիքների գնահատման համատեքստում դատավորների վերապատրաստման ծրագրերի վերանայմանն ու վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացման հեռանկարներին:
Աշխատաժողովի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել հաճախակի:
Ընթերցեք նաև. Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը դրվել է հանրային քննարկման