4 մարտի 2020 - 11:38 AMT
Մակունց. ՀՀ-ում որոշ քաղխմբերից ու անհատներից կախված դատավորներ կան

ՀՀ-ում որոշ դատավորներ կախում ունեն քաղաքական խմբերից կամ անհատներից, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Մակունցն ԱՄՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումները, նշելով, որ բարեփոխվում է նաև ոստիկանության համակարգը՝ հիմնական գործընկեր ունենալով ԱՄՆ-ին և Եվրոպական միությանը:

«Այս փոփոխությունների համատեքստում մենք մտածում ենք ստեղծել նոր Ներքին գործերի նախարարություն, դա թույլ կտա ավելի վերահսկելի դարձնել իրավապահ համակարգը: Բարեփոխումների փաթեթի հաստատման վերջնական որոշումը Սահմանադրական դատարանինն է»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով ՍԴ-ի խնդրին՝ Մակունցն ասել է, որ հարցը ոչ թե կայացված վճիռների կամ անհատների մեջ է, այլ այդ հաստատությունների և ամբողջ դատական համակարգի անկախությունը, անկողմնակալությունն ապահովելու:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանում ՍԴ-ն այսօր այնքան էլ անկախ չէ: Կան դատավորներ, որոնք անկախ են պետությունից, բայց կախում ունեն որոշ քաղաքական խմբերից ու անհատներից: Սա նոր Հայաստանում խնդիր է, այդ պատճառով պետությունը որոշեց գնալ Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարելու ճանապարհով, որը կորոշի հանրությունը հանրաքվեի միջոցով»,- ասել է նա:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ՀՀ-ում նշանակված է ապրիլի 5-ին: