6 մարտի 2020 - 17:12 AMT
Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդը պատասխանատվության է ենթարկվել

Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդին պատասխանատվության է ենթարկել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Բաղդասարյանը:

Օրինախախտին որոշվել է տուգանել: Վերջին անգամ նման որոշում կայացվել է 1967-ին:

«Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը, մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա: Երիտասարդն անմիջապես հանձնվել էր թափորը ուղեկցող ոստիկաններին, իսկ տուժող հոգևորականը բողոք էր ներկայացրել ոստիկանություն: Հարցաքննությունից և ականատեսներից վկայություն վերցնելուց հետո, ոստիկանությունը մարտի 5-ին պաշտոնական նամակով ծանուցել է տուժած հայ հոգևորականին, որ ոստիկանությունը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով (մոտ 430 դոլար)»,-ասվում է գրառման մեջ:

Նշված դեպքը գրանցվել է 2019-ին:

Հայ հոգևորականները Երուսաղեմում հաճախ են հարձակման ենթարկվում հրեա ծայրահեղական հոգևորականների կողմից, որոնք թքում և անեծքներ են հնչեցնում: Թեև ոստիկանությունը հայտարարում է, որ նման ցանկացած դեպք ուղեկցվում է վիրավորողների ձերբակալությամբ, դա հաճախ այդպես չէ և միջադեպերը շարունակվում են: