9 մարտի 2020 - 17:27 AMT
SIPRI. 2015-19-ին ՀՀ-ն և Ադրբեջանը հրթիռներ են ներկրել, որոնք կարող են թիրախներ խոցել միմյանց տարածքում

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության համաձայն՝ 2015-2019թթ. Հայաստանն ու Ադրբեջանն ավելացրել են իրենց ռազմական ներուժը սպառազինությունների, այդ թվում՝ միմյանց տարածքում թիրախներ խոցելու ունակ հրթիռների ներկրմամբ:

Զեկույցում նշվում է, որ 2015-2019թթ. «կրկին զինված բախումներ են եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև»:

«Վերջին 5 տարում Հայաստանը զենքը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է ներկրել: Իսկ Ադրբեջանը զենքի 60%-ը ներմուծել է Իսրայելից, 31%-ը՝ ՌԴ-ից»,- ասվում է զեկույցում:

2015-2019թթ. սովորական սպառազինությունների հիմնական տեսակների միջազգային մատակարարումների ծավալը, 2010-2014թթ. համեմատ, աճել է 5.5%-ով:

2015-2019թթ. զենքի խոշորագույն արտահանողներն են եղել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: Ըստ նոր տվյալների՝ սպառազինության առաքումը Մերձավոր Արևելք ավելացել է: