Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 10-ին անակնկալ այցով մեկնել է Ուհան, որը համարվում է կորոնավիրուսի օջախը: Երկրի առաջնորդը ծանոթացել է համաճարակի դեմ պայքարում ձեռնարկվող միջոցներին: Սա նրա առաջին այցն է համաճարակի էպիկենտրոն 2019-ի դեկտեմբերից ի վեր, երբ գրանցվեց առաջին բռնկումը, գրում է Deutsche Welle-ն:
Մինչդեռ Չինաստանում միայն 19 նոր դեպք է գրանցվել մեկ օրում: Ընդհանուր առմամբ, այդ երկրում վարակը հայտնաբերվել է 80,754 մարդու մոտ: Գրեթե 60,000 հիվանդ ապաքինվել է, մահացել է 3136 մարդ:
Մարտի 10-ն արդեն 3-րդ օրն է, ինչ Հուբեյից դուրս բժիշկները հիվանդության նոր դեպք չեն հայտնաբերում: Ընդ որում, տասնյակ միլիոնավոր մարդիկ տարածաշրջանում արդեն գրեթե 2 ամիս կարանտինում են:
Եվրոպայում կորոնավիրուսն ամենաշատը տարածվել է Իտալիայում՝ երկրի ամբողջ տարածքում կարանտին է սահմանվել:
Մարտի 10-ի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակված է 113,358 մարդ, 59,000-ն ապաքինվել են, 4009-ը՝ մահացել: Հիվանդությունը գրանցվել է 104 երկրում: