Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա խնամակալ կարող է ճանաչվել նրա եղբայրը: Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, քննելով 13-ամյա աղջկա և նրա եղբոր գործը, նրանց առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ է ճանաչել, տեղեկացնում է «Ցայգը»:
Նրանք կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար: Հաջորդ քայլն աղջկա հանդեպ խնամակալություն սահմանելն է: Քննարկվող տարբերակներից մեկը եղբորը, որի 18 տարին կլրանա մի քանի ամսից, նրա խնամակալ ճանաչելն է:
Ինչպես հայտնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Երեխան շարունակում է գտնվել բժիշկների խիստ հսկողության տակ, վիճակը դեռ ծանր է:
Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել էր: