12 մարտի 2020 - 16:37 AMT
«Հեղափոխության պահապանների» տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Իրենց «Հեղափոխության պահապաններ» կոչող խմբի կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյած տղամարդուն ստիպելու ներողություն խնդրելու հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն, PanARMENIAN.Net-ին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Խումբը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր հոլովակով, որտեղ երևում է, որ իրենք տեսախցիկները միացրած գնացել են վարչապետին վիրավորած տղամարդուն պատկանող տարածք և ստիպում ներողություն խնդրել Փաշինյանից կամ «պատասխան տալ»:

Տարածված տեսանյութի վերջում խմբի հիմնադիրը հայտարարում է, որ այդ մարդուն պետք չէ հետապնդել, քանի որ նա զղջացել է իր արարքի համար, և հենց այդ պատճառով երիտասարդի դեմքը չեն նկարել: Նա նաև ասել էր, թե տղամարդը զղջում է իր ասածների համար:

«Եթե վարչապետն ուրիշ հրահանգ կտա, կլինի ուրիշ բան, չի տա, ուրեմն այսքանով այս թեման փակվում է»,- հայտարարել էր «Հեղափոխության պահապան» հանես եկողներից մեկը:

Տեսանյութում երևացող և ներողություն պահանջող տղամարդկանցից մեկը նաև «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակվողներից էր: 2019-ի աշնանը մի քանի հոգի ձվեր էին նետել և պաստառներ փակցրել ակումբի դռանն ու պատերին` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ նյութի համար: