Apple Store-ի խանութներում չեն առաջարկի փորձել Apple Watch ժամացույցները կամ AirPods ականջակալները: Այս կանոնը կիրառվելու է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, գրում է «Վեդոմոստին»՝ Business Insider-ին հղումով:
Հաճախորդները կարող են խնդրել վաճառողից փորձանմուշը, սակայն վաճառողներն իրենք չպետք է դա առաջարկեն՝ ասվում է Apple-ի աշխատակիցների համար նախատեսված հրահանգներում:
Ընկերությունը նաև հանձնարարել է իր խանութներում ձեռքերի ախտահանման միջոցներով դիսպենսերներ տեղադրել և լրացուցիչ անձնակազմ վարձել տեղանքի մաքրության համար:
Նոր տիպի կորոնավիրուսն աշխարհում գրանցվել է արդեն մոտ 120,000 մարդու մոտ: Չինաստանում կորոնավիրուսով նոր վարակումների ռեկորդային ցածր ցուցանիշ է: Մարտի 12-ի դրությամբ այդ երկրում ընդամենը 15 նոր դեպք կա, մոտ կեսը՝ Ուհանում: Մարտի 11-ի դրությամբ նոր հիվանդների թիվը 19 էր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։