13 մարտի 2020 - 10:43 AMT
Պետդեպ. Կոռուպցիան ՀՀ դատավորների շրջանում մտահոգիչ է

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգիչ է համարում ՀՀ դատավորների շրջանում կոռուպցիան: Այդ մասին ասվում է Հայաստանում մարդու իրավունքերի ոլորտի խնդիրների մասին Պետդեպի տարեկան զեկույցում, որն անդրադառնում է 2019-ի զարգացումներին այդ ոլորտում:

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում անկախ դատական համակարգի հետ կապված խնդիրների ու ոլորտում առկա կոռուպցիայի վերաբերյալ: Նշվում է, որ դատական համակարգը զերծ է անկախությունից ու անաչառությունից, չի վայելում հանրային վստահություն: Զեկույցը հիշեցնում է տեղական հասարակական կազմակերպությունների մտահոգությունների մասին դատավորների վերահսկողության օբյեկտիվ չափանիշների բացակայության վերաբերյալ, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի ու Սահմանադրական դատարանի հարցում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ Պետքարտուղարության՝ ընդհանուր առմամբ գործող իշխանությունը հարգում է դատական համակարգի որոշումները, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ին հանրությանը հնչեցրած կոչը դատարանների արգելափակման մասին որոշ շրջանակների կողմից որակվել է որպես ճնշում դատական իշխանության հանդեպ:

Հայաստանում չկան հաղորդումներ քաղաքական բանտարկյալների կամ կալանավորվածների մասին: Որպես մարդու իրավունքների լուրջ խնդիրներ զեկույցը մատնանշում է խոշտանգումները, ծանր բանտային պայմանները, կամայական ձերբակալությունները՝ չնայած դրա նվազեցման միտմանը, անկախ դատական համակարգի, սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման, երեխաների շահագործման հետ կապված խնդիրները: Ընդգծվում է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նախկին և ներկա պաշտոնյանների խախտումները բացահայտելու ուղղությամբ:

Հայաստանն ունի շարունակական կոռուպցիոն ժառանգություն բազմաթիվ ոլորտներում, ասվում է զեկույցում:

«Գործող իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է առաջնահերթություն և միջոցներ է ձեռնարկում այն վերացնելու ուղղությամբ: Չնայած կոռուպցիայի վերացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, տեղական փորձագիտական շրջանակներն ընդգծում են հակակոռուպցիոն պայքարի հետագա իստիտուցիոնալիզացման անհրաժեշտությունը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրավական հետևանքներից խուսափելու համար պետությանը վերադարձված միջոցների կանոնակարգը պարզ չէ»,- ասվում է զեկույցում:

Մատնանշված խնդիրների շարքում է նաև կանանց հանդեպ բռնության բացահայտման ուղղությամբ իրավապահների անարդյունավետ աշխատանքը: Ընդգծվում է՝ «կանանց նկատմամբ բռնությունները համատարած են, իսկ կանանց իրավունքների ու իրավահավասարության ոլորտի ակտիվիստները` դառնում են ատելության խոսքի թիրախներ»: Վերջիներս քննադատվում են «հայկական ավանդական ընտանիքի» հիմքերը խարխլելու ու «արևմտյան արժեքներ» տարածելու համար: