Հայաստանի օդային երթևեկության կարգավարներն ինքնամեկուսացել են կորոնավիրուսից:
Մասնավորապես, ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է ՀՀ տարածքում և ՀՀ երկու միջազգային օդանավակայանում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար:
Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցներն ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում:
Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ:
Երկրի օդային երթևեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75- հոգանոց անձնակազմը:
Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները` կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգստը, ի սկզբանե 14 օր տևողությամբ, ապահովելու համար։
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենքը ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն:
Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայանում:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 20-ի: Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մոտ 200 մարդ է մեկուսացված։
Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից