18 մարտի 2020 - 12:31 AMT
Մարզպետ. Հարյուրավոր քաղաքացիներ մեկուսացված են Կոտայքում և Տավուշում

Կոտայքի և Տավուշի մարզերում մարտի 17-ին մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի է մեկուսացված՝ 14-օրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով, հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, որոնք մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր»,- գրել է նա:

Պետրոսյանը նշել է, որ բժշկական հսկողությունը և տեխնիկական սպասարկումն ամբողջովին իրականացվում է տեղի բուժանձնակազմերի և տեղաբնակ քաղաքացիների ուժերով՝ ԱՆ հսկողության ներքո:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի 84 դեպք է գրանցված, մեկն առողջացել է: