16 դեկտեմբերի 2008 - 17:42 AMT
Եվրոպական դատարանը Թուրքիային պարտադրել է փոխհատուցում վճարել Ստամբուլի հայկական ֆոնդերին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ECHR) վճիռ է կայացրել Թուրքիայի կողմից Ստամբուլի երկու հայկական ֆոնդերի ունեցվածքը սեփականացնելու գործով: Սամաթիայի սբ.Գեւորգ հայկական եկեղեցու, դպրոցի եւ գերեզմանոցի եւ Եդիկուլեի հայկական հիվանդանոցի ղեկավարների Խորհուրդը դիմել է Ստրասբուրգի դատարան` պնդելով, որ այդ հարցի շուրջ թուրքական դատարանների որոշումը սեփականության իրավունքի խախտում է, ինչը հակասում է Մարդու իրավունքների մասին
Եվրոպայի կոնվենցիային: Երկու հայկական ֆոնդերն էլ 1832թ. բացվել են օսմանյան դեկրետով եւ ենթարկվում են նոր թուրքական կանոնադրությանը: Որոշման համաձայն, Թուրքիան պետք է վերադարձնի ողջ ունեցվածքը եւ 600 հազար եվրո փոխհատուցում վճարի Սամաթիայի ֆոնդին եւ 275 հազար եվրո` Եդիկուլե ֆոնդին: Ինչպես գրում է Hurriyet թուրքական թերթը, այդ երկու ֆոնդերն էլ ամրագրված են Լոզանի պայմանագրում կրոնական փոքրամասնությունների հասարակական ծառայությունների ապահովման համար:

Եվրոպական դատարանի որոշմամբ ուրիշի սեփականության յուրացումը հանդիսանում է Սեփականության պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի խախտում: