20 մարտի 2020 - 14:55 AMT
Կիև-Երևան չարթերային թռիչք կիրականացվի

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարթերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքում, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

«Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ»,-ասվում է դեսպանի գրառման մեջ:

Բոլոր ցանկացողները պետք է գրանցվեն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից