Բրիտանիայի կառավարությունը կփոխհատուցի մասնավոր ընկերությունների այն աշխատակիցների աշխատավաձի 80%-ը, որոնք կորոնավիրուսի համաճարակի պատճառով զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը։
Վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին հայտարարել է, որ մարտի 21-ից կփակվեն բոլոր փաբերը, սրճարաններն ու ռեստորանները, բայց հնարավոր կլինի պատվերները տուն առաքել, գրում է BBC-ն։
Ֆինանսների նախարարը խոստացել է ֆինանսապես օգնել նրանց, ում սպառնում է գործազրկությունը։ Նա հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը կվճարի մարդկանց աշխատավարձերը՝ բիզնեսի փոխարեն։
Ըստ կառավարության` դա թույլ կտա ընկերություններին չազատել իրենց աշխատակիցներին, նույնիսկ եթե նրանք չկարողանան աշխատել պանդեմիայի պատճառով։
Բրիտանական ընկերությունները կկարողանան չվճարել ավելացված արժեքի հարկը մինչև հունիսի վերջը և կկարողանան մեկ տարով անտոկոս վարկ վերցնել։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին էր հայտնել: Վարակի պատճառով հարյուրավոր քաղաքներում և բնակավայրերում մարդիկ սահմանափակել են իրենց առօրյա գործունեությունը, կրճատել հաղորդկացությունը՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 200,000-ից ավելի մարդ։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից