Վրաստանից վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է տվյալներն ուղարկեն ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։։
Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) պետք է մինչև մարտի 25-ը` ժամը 12։00-ն, անձնական նամակի միջոցով ուղարկեն Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ armgeorgiaembassy@mfa.am)։
«Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով», - ասվում է գրառման մեջ։
Վրաստանի Մառնեուլի շրջանը սահմանակից է Հայաստանին,որտեղ ապրում է մինչև 160 հազար մարդ։ Շրջանն առավելապես ադրբեջանաբնակ է, բայց այնտեղ նաև հայեր են ապրում։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 61-ի, նրանցից 8-ն առողջացել են: Ինչպես հայտնում են հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում՝ երկրում կարանտինի մեջ է գտնվում 3320 մարդ, 235 հոգի հսկողության տակ է: