24 մարտի 2020 - 17:15 AMT
Երևանի բուժհաստատությունները լրացուցիչ պաշտպանիչ միջոցներ են ստանում

Երևանի բուժհաստատությունները համալրվում են լրացուցիչ պաշտպանիչ միջոցներով։ Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (Ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված գործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ:

Վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական գործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300 լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 հատ միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45,000 հատ միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20,000 հատ դիմակ է տրամադրել:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 24-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը 235 է, ապաքինվել է 2 մարդ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: