25 մարտի 2020 - 16:25 AMT
ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը հասել են 658-ի

Մարտի 25-ի դրությամբ Ռուսաստանի տարբեր շրջաններում մեկ օրում կորոնավիրուսի ևս 163 դեպք է գրանցվել։ Այդ մասին կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Դեպքերի ընդհանուր թիվը ՌԴ-ում հասել է 658-ի, որից 410-ը՝ Մոսկվայում։

Ինքնամեկուսացման ռեժիմը պահպանում է մոտ 112,000 մարդ։ Ապաքինվել է 29 մարդ, գրում է «Վեդոմոստին»։

163 նոր դեպքը մեկ օրվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է ՌԴ համար։ Ըստ օպերատիվ շտաբի՝ աճն այս դեպքում եռակի է։ Նոր դեպքերի մեծ մասը նախկինի պես բերովի է, ասել են շտաբում։

Մոսկվայից բացի, հիվանդության տարածմամբ առաջինների թվում են Մերձմոսկովյան տարածաշրջանը՝ 41 դեպք, և Սանկտ Պետերբուրգը՝ 21 դեպք։

Գոլիկովան տեղեկացրել է նաև, որ հունվարից մինչև օրս ՌԴ-ում 193,000 հետազոտություն է իրականացվել։

Աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդության ավելի քան 435,000 դեպք է գրանցվել, որից ավելի քան 19,500-ը՝ մահվան ելքով։

Photo. TASS