ՀՀ-ում կորոնավիրուսով բժիշկ ու շտապօգնության վարորդ են վարակվել, PanARMENIAN.Net-ին հարցին պատասխանելիս ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ բուժքրոջ վարակվելու մասին։
Թորոսյանը նշել է, որ կնոջ վիճակը լավ է։ Նոր վարակված բուժաշխատողների վիճակը` ևս, նրանք մեկուսացված են։
Նախարարի խոսքով՝ բժիշկների վարակվելն անխուսափելի է։
«Ինչքան էլ փորձում ենք պաշտպանել իրենց, միևնույն է՝ շատ են շփվում բուն վարակված անձանց հետ։ Եվ մեր խնդիրն է նրանց առնվազն շուտ հայտնաբերել ու մեկուսացնել», - նշել է նախարարը։
ՀՀ-ում, ընդհանուր առմամբ, վարակի 290 դեպք է գրանցվել, որոնցից 18 պացիենտ առողջացել են։