26 մարտի 2020 - 17:56 AMT
Ուղևորահոսքը Երևանում մոտ 30 անգամ կրճատվել է

Մարտի 25-ի դրությամբ Երևանում ընդհանուր ուղևորահոսքը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ մոտ 30 անգամ կրճատվել է։ Այդ մասին Կառավարության նիստում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մարտի 25-ի դրությամբ 18,000 ուղևոր է տեղափոխվել։

Պարետը հավելել է, որ գրեթե նույն վիճակն է մարզերում։ Նա հորդորել է հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներին։

Ավինյանն ասել է նաև, որ եթե խախտումների ոչ մեծ քանակը պահպանվի, հնարավոր կլինի սահմանափակվել 7-օրյա ժամկետով։

Մարտի 26-ի՝ ժամը 08։00-ի դրությամբ, անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը խախտելու փաստով կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի, հայտարարել է ոստիկանապետ Արման Սարգսյանը։

ՀՀ ամբողջ տարածքում մարտի 25-ից գործում են անձանց ազատ տեղաշարժի 7-օրյա սահմանափակումներ՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100-ից 250 հազար դրամի չափով: