30 մարտի 2020 - 11:15 AMT
Հռոմի պապը միացել է համաշխարհային հրադադարի՝ Գուտերեշի կոչին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սատարում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնութանը, որը կոչ է արել գլոբալ հրադադար հաստատել մոլորակում, ինչը թույլ կտա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը։

«Միանում եմ նրանց, ովքեր հավանություն են տվել այդ կոչին և հրավիրում բոլորին հետևել դրան՝ դադարեցնելով բոլոր ռազմական գործողությունները, միջանցքներ բացել հումանիտար օգնության համար, վերադառնալ դիվանագիտությանը»,- ասել է նա կիրակնօրյա քարոզում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հռոմի պապը հույս է հայտնել, որ համընդհանուր հակազդեցությունը կորոնավիրուսի տարածմանը թույլ կտա մարդկանց կրկին իրենց զգալ «միասնական մարդկային ընտանիքի անդամ», իսկ առանձին ազգերի և հակամարտող կողմերի ղեկավարներին՝ հաղթահարել դիմակայությունը։

«Հակամարտությունները չի կարելի պատերազմով հանգուցալուծել։ Պետք է հաղթահարել անտագոնիզմն ու հակասությունները երկխոսության և խաղաղության կառուցողական որոնման միջոցով»,- ասել է Հռոմի պապը։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել համաշխարհային զինադադարի կոչով․ նրա խոսքով՝ աշխարհը պետք է պայքարի մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, որը խոցում է բոլորին, անկախ ազգությունից կամ դավանանքից։ Հայաստանն ու Արցախն իրենց լիակատար աջակցությունն է հայտնել աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելու կոչին։