30 մարտի 2020 - 14:03 AMT
10 մլրդ դրամ՝ կորոնավիրուսից տուժած ոլորտների 100,000 աշխատակցի. Միջին աշխատավարձի չափով աջակցություն կստանան

Հյուրանոցային, հանրային սննդի, զբոսաշրջության, գեղեցկության սրահների, դեղորայք, սնունդ կամ ալկոհոլ չվաճառող մանրածախ առևտրի (հագուստ, կոշիկ, կենցաղային տեխնիա և այլն) ոլորտի աշխատակիցները Կառավարության կողմից միջին աշխատավարձի չափով աջակցություն կստանան:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով տուժած ոլորտների աշխատակիցներին աջակցությունը տրամադրվելու է անմիջապես՝ ոչ գործատուների միջոցով միջնորդավորված, տրամադրված գումարից հարկեր չեն հաշվարկվելու:

«Աջակցության չափը որոշել ենք հաշվարկել այսպես՝ նշված ոլորտում վարձու աշխատողների համար հունվար և փետրվար ամիսներին իրենց աշխատավարձի կեսի չափով աջակցություն կտրամադրվի՝ ոչ պակաս, քան 68,000 դրամը, և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը: Եթե վերջին երկու ամսվա միջին աշխատավարձը նվազագույն աշխատավարձից պակաս կլինի, աշխատակիցները կստանան վերջին 2 ամսվա աշխատավարձի միջին չափով գումար»,- հայտնել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Նրա խոսքով՝ անհատ ձեռնարկատերերի համար նույնպես աջակցություն կա՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար՝ ոչ պակաս, քան 68,000 դրամը, և ոչ ավելի, քան 136,000 դրամը:

Սարգսյանն ասել է, որ ներկայացվող ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100,000-ը (ըստ վարչապետի՝ 127,000 մարդ է ներառում ծրագիրը, սակայն վերջնական թիվը դեռ ճշգրտվում է), ամբողջ ծրագրի ընդհանուր բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը:

Կառավարության հաջորդ նստում կներկայացվի դիմելու կարգը: Քաղաքացին օնլայն կարող է դիմել և իրենց անմիջապես կպատասխանեն հանդիսանում է ծրագրի շահառու, թե ոչ: Դիմել կարող են միայն գրանցված աշխատողները:

Դիմող քաղաքացին նաև համաձայնություն պետք է տա, որ իր տվյալները հրապարակվեն աշխատանքի և սոցիալակնա հարցերի նախարարությունում:

Կառավարությունը, ընդհանուր առմամբ, տնտեսական աջակցության 8 միջոցառում է հաստատել, որոնցից 4-ն ունեն տնտեսական բնույթ, 4-ը՝ սոցիալական:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից