19 դեկտեմբերի 2008 - 17:32 AMT
Ժնեւում Ռուսաստանի եւ Վրաստանի բանակցությունների երրորդ փուլը ձախողվել է
Ժնեւում ավարտվել է հարավօսական հակամարտության շուրջ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցությունների երրորդ փուլը: Հանդիպմանը որոշակի առաջընթաց է ձեռք բերվել, թեեւ մասնակիցների նյարդերը ծայրահեղ լարված էին, գրում է Le Temps-ը:

«Մենք այստեղ ենք ժամանել ոչ թե քննարկելու այն, թե ինչպես Վրաստանը վերականգնի օգոստոսյան արկածի ընթացքում կորսված դիրքերը, այլ քննարկելու անվտանգության եւ կայունության հարցեր»,- այդ խոսքերով ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը տրամադրություն է հաղորդել երկօրյա հանդիպմանը, որը նախօրեին ավարտվեց Ժնեւում, գրում է InoPressa-ն:

Պաշտոնապես «ժնեւյան գործընթացը» ձախողվել է. բանակցությունների մասնակիցները չկարողացան ընդհանուր հռչակագիր ընդունել, նշում է շվեյցարական հրատարակությունը: Բայց, չնայած միմյանց հասցեին կողմերի կտրուկ արտահայտություններին, «համաձայնագրի բացակայությունը լիարժեք ձախողման հոմանիշը չէ»: Վրացական ճգնաժամի կարգավորման գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մորելի խոսքերով, կողմերը քննարկել են «տեխնիկական եւ գործնական հարցեր, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ փախստականների թեման»: Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները նույնպես ներկայացրել են իրենց դիրքերը, եւ, ինչպես պնդում է հոդվածի հեղինակը, «երեւում է, հենց նրանք են խանգարել ամփոփիչ համաձայնագրի կնքմանը»:

Փետրվարի 17-18-ին` հերթական հանդիպմանը Ժնեւում կողմերը ծրագրում են քննարկել սահմանների անցումը հեշտացնելու եւ փախստականներին «կամավոր եւ արժանի վերադարձ» ապահովելու մասին հարցերը: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, Գրիգորի Կարասինը հայտնել է, որ ՌԴ զորքերը կմնան տարածաշրջանում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անվտանգության ապահովման համար: