30 մարտի 2020 - 22:39 AMT
Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորած երեխայի վիճակը կայուն ծանր է, տեղափոխում են Երևան

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- գրել է նա։

Իր հերթին, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ վիրավորում ստացած երկու զինծառայողը տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին:

p> Մարտի 30-ին Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել:

Հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկևանի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: ՊՆ-ից հայտնել էին, որ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և վիրահատել են։