31 մարտի 2020 - 12:48 AMT
Կալկաթայի ճեմարանի սաներն ու ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել

Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի 68 սանը և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ հատուկ չվերթը կազմակերպվել է մարտի 31-ին Մայր աթոռի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարետատան և ԱԳՆ համակարգմամբ։

«Մայր աթոռ սբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»,- ասվում է գրառման մեջ:

Հնդկաստանում 1.3 մլրդ բնակչության համար խիստ կարանտինային սահմանափակումներ են գործում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ երկրում մոտ 1000 վարակված կա կորոնավիրուսով։