Բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար դատապարտված հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնն ապաքինվել է կորոնավիրուսային վարակից, գրում է Daily Mail-ը՝ սեփական աղբյուրին հղումով։
Մինչև այդ հայտնի էր դարձել, որ մարտի կեսին նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, որից հետո Վայնշտեյնը մեկուսացվել էր խիստ ռեժիմի բանտում։
«Նա ջերմություն և հազ ուներ։ Նա թույլ առողջություն ունի»,- ասել էր աղբյուրը՝ հավելելով, որ պրոդյուսերն արյան բարձր ճնշում ունի, շաքարախտ և սրտի ու ողնաշարի հետ կապված խնդիրներ։
Ըստ աղբյուրի՝ այնուամենայնիվ, Վայնշտեյնին հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ու ազատվել հազից՝ 14 օր անց նա դուրս է եկել կարանտինից։
Վայնշտեյնի անվան շուրջ աղմկալի սկանդալ առաջացավ 2017-ին, երբ 80-ից ավելի կին մեղադրեցին նրան սեռական ոտնձգությունների մեջ, այդ թվում՝ հայտնի դերասանուհիներ։ Մարտի 11-ին Հարվի Վայնշտեյնը մեղավոր ճանաչվեց սեռական բնույթի 2 հանցագործության մեջ։ Նա պատիժը կրում է Նյու Յորքի նահանգի բանտում։