10 ապրիլի 2020 - 17:01 AMT
Զախարովա․ Արցախում ընտրություններն անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության ապահովման համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ասել է, որ դրանք անհրաժեշտ են բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման համար։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության նորմալ կենսագործունեության ապահովման համար։ Միաժամանակ, ՌԴ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն։ Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ Արցախում ընտրություններից։

Մարտի 31-ին Արցախում անցկացվել են նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարել է 14 թեկնածու: 2-րդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը։ Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին։ Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն և կուսակցությունների դաշինք:

Արցախում համապետական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5%-ը, ընտրողները ընդհանուր թիվը մոտ 104,000 է եղել, քվերակության մասնակիցների թիվը՝ 76,728։