ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կասեցնել ԱՄՆ անդամավճարների մուծումն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե։
Ըստ Թրամփի՝ կազմակերպությունը չի կարողացել համարժեք արձագանքել կորոնավիրուսի պանդեմիային, գրում է BBC-ն։
Թրամփը կարգադրել է կասեցնել ֆինանսավորումը, մինչև կպարզվի կազմակերպության դերը մոլորակով մեկ վիրուսի տարածման գործում՝ շատ հեռու Չինաստանից, որտեղ այն հայտնվել է։
«Իրողությունն այն է, որ ԱՀԿ-ն բավարար քանակի ինֆորմացիա չի ստացել, չի տարածել ժամանակին և թափանցիկ։ Աշխարհը հուսով է, որ ԱՀԿ-ն կաշխատի երկրների հետ, որպեսզի առողջության միջազգային սպառնալիքների մասին հստակ տեղեկատվությունը ժամանակին տարածվի, իսկ եթե դա չի արվում՝ ինքը աշխարհին ճշմարտությունը ներկայացնի իրավիճակի վերաբերյալ։ ԱՀԿ-ն չի կատարել իր այդ հիմնական պարտավորությունը և պետք է պատասխանատվություն կրի։ Ժամանակն է»,- ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ ՄԱԿ գործակալությունը տարածել է չինացիների ապատեղեկատվությունը, ինչը հանգեցրել է պանդեմիայի ավելի մեծ մասշտաբներին։
ԱՄՆ-ն ԱՀԿ-ի ֆինանսավորման խոշորագույն աղբյուրն է։ Միայն 2019-ին ԱՄՆ անդամավճարը կազմել է $400 մլն՝ ԱՀԿ բյուջեի 15 տոկոսը։
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ հիմա առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատելու ժամանակը չէ, այլ հարկավոր է համերաշխ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։