21 ապրիլի 2020 - 18:25 AMT
Լուկաշենկո. ՌԴ-ն հրաժարվում է հնդկաձավար մատակարարել Բելառուսին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թեև դեռևս խորհրդային տարիներից հնդկաձավարը ստանում էին ՌԴ-ից, այժմ Մոսկվան հրաժարվել է աշխատել Մինսկի հետ։

Նա հանձնարարել է ավելացնել հնդկաձավարի արտադրությունը հանրապետությունում, գրում է ՌԲԿ-ն։

«Տես, որ կարողանանք բավականաչափ քանակ ապահովել, քանի որ ռուսները հրաժարվել են մեզ հետ աշխատել ինչպես ԽՍՀՄ տարիներին, երբ մենք նրանցից ավելի շատ հնդկաձավար էինք գնում»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով Մոգիլյովի շրջանի ղեկավար Լեոնիդ Զայցին։

Ապրիլի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես արգելել է արտահանել հնդկաձավար, բրինձ, սոխ և մի շարք այլ ապրանքներ ԵԱՏՄ երկրներից։ Արգելքը կգործի մինչև հունիսի 30-ը։