Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ճանաչել այն ու փոխհատուցում վճարել, տեղեկացնում է Ermenihaber-ը։
«Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների դեմ գործված ցեղասպանության խորհրդանշական տարեթիվն է։ 1915թ․ ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայ մտավորական ու արվեսագետ առաջնորդների, ինչպես նաև՝ որոշ շարքային հայ քաղաքացիների, իրենց տներից հավաքելով, մահվան երթի ուղարկեցին․․․
Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո՝ մինչ օրս, Թուրքիայում չեն դադարել արյունահոսությունները, արցունքները, ողբերը, որովհետև հանցանքը չի պատժվել, այն շարունակվում է նոր հանցանքներով և հանցագործները անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության անշիրիմ զոհերը շարունակում են տառապել։
«Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում․ - Ցեղասպանությունը պետք է ճանաչել։
- Աշխարհով մեկ սփռված հայերից, ասորիներից, հույներից պետք է ներողություն խնդրել։
- Բռնագրավված կանխիկ գումարների ու անշարժ գույքի համար պետք է փոխհատուցում վճարել», - ասված է հայտարարության մեջ։
Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։