24 ապրիլի 2020 - 15:32 AMT
Ջեմալ փաշայի թոռ․ Իմ հայ եղբայրներ, կիսում եմ Ցեղասպանության ցավը

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը, Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդագրություն է հրապարակել ցեղասպանության թեմայով։

«Իմ հայ եղբայրներ, կիսում եմ ապրիլի 24-ի Ցեղասպանության ցավը»,- գրել է նա։

Հասան Ջեմալը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրել հայերից։ Նա ավելի վաղ մասնակցել է նաև ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների, այցելել Երևան։ Ջեմալը հեղինակել է «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։